ԱՄՆ-ում հայտնի ռադիոհաղորդավարներին ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից անտակտության եւ հանգուցյալ Ուիթնի Հյուսթոնի հասցեին անհարգալից արտահայտություն անելու համար: Այս մասին տեղեկացրել է KFI-AM (640) ռադիոկայանի ղեկավարությունը: Իրենց անզուսպ պահվածքի համար հատուցել են հաղորդավարներ Ջոն Քոբիլթը եւ Քեն Չամփոուն:
Նրանք հասկացել են իրենց սխալը, ներողություն են խնդրել ռադիոլսողներից, երգչուհու մտերիմներից եւ ազգականներից: «Մենք ոչ պատշաճ բառապաշար ենք կիրառել, անկեղծ ներողություն ենք խնդրում ունկնդիրներից եւ տիկին Հյուսթոնի ընտանիքից»,-ասվում է հաղորդավարների համատեղ հայտարարության մեջ:
Բանն այն է, որ Ուիթնի Հյուսթոնին նվիրված հաղորդման ընթացքում Քոբիլթը եւ Չամփոուն նրա հասցեին օգտագործել են ժարգոնային «կոկաինիստուհի» բառը, ինչպես նաեւ իրենց այլ անշնորհքություններ թույլ տվել: Նրանք եթեր դուրս գալու իրավունք չունեն մինչեւ փետրվարի 20-ը: Ռադիոկայանի ղեկավարությունը չի հստակեցնում, թե նրանց փոխարեն այդ ընթացքում ով կվարի թոք շոուն, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, Ուիթնի Հյուսթոնին փետրվարի 11-ին մահացած գտել էին հյուրանոցային համարի ջրով լի լոգարանում: Համարում գտնվել էին նաեւ դեղորայքային նյութեր, որոնք ալկոհոլի համադրությամբ կարող էին երգչուհու մահվան պատճառ դառնալ: Դիահերձման զեկույցը, իշխանությունների որոշմամբ, կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ պաթոլոգանատոմները կծանոթանան թունաբանների եզրակացությանը:



























