Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակումը ունի հսկայական նշանակության ամբողջ հայության համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի ժամանակ:

«ԼՂՀ ստեղծումն ուներ բոլոր պատմական եւ իրավական հիմքերը»,-ընդգծել է օրենսդիր մարմնի փոխխոսնակը: Նա հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղը բարդ ուղի է անցել, եւ այդ ուղին շարունակվում է: «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հռչակմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով եւ շրջափակմամբ: Չնայած Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարողացել է կռել իր ճակատագիրը եւ հանրաքվե անցկացնել»,-նշել է Էդուարդ Շարմազանովը:

Նա ընդգծել է, որ ԼՂՀ-ն զարգացնում է իր պետականությունը ժողովրդավարության հիմունքների վրա, որը հիմք է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հայտարարել, որ ԼՂՀ-ում ժողովրդավարության մակարդակը համապատաասխանում է եվրոպական չափանիշներին:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել է, որ վերջին շրջանում աշխարհում նկատվում է ինքնորոշման իրավունքի հաղթանակների շքերթ, եւ որպես օրինակ նշել է Հարավային Սուդանի եւ Արեւելյան Թիմորի դեպքերը: Այդ առնչությամբ, փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ հաջորդը կլինի Լեռնային Ղարաբաղը: «Կա մեկ լուծում` Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ NEWS.am տեղեկատվական գործակալությունը կոնֆերանսի ինֆորմացիոն գործընկերն է:

Հիշեցնենք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդավարական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի սահմաններում:1991 թ.-ի դեկտեմբերի 10-ին հանրաքվե է անցկացվել ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ, որի արդյունքում մասնակիցների 99,89 տոկոսը կողմ է արտահայտվել անկախության հռչակմանը: 1992-ի հունվարի 6-ին ԼՂՀ խորհրդարանի առաջին գումարման նիստը հռչակագիր է ընդունել «Լեռնային Ղարաբաղի հանրապետության պետական անկախության վերաբերյալ»: