Մարսելի սենատոր  քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը հայ համայնքի անվանի ներկայացուցիչներից Ժակ Տոնապետյանի պարգեւատրման արարողության ժամանակ հասկացրել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը տատանվում է Բուայեի հեղինակած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի հարցում: Մարսելի հայերը նորից շունչները պահել եւ հույսով սպասում են, տեղեկացնում է ֆրանսիական «Lemeilleurdemarseille.fr» կայքը:

«Մենք կարծում ենք, թե տատանվում են». այս մի քանի բառերը բավական էին հայ համայնքի ներկայացուցիչներին ուրախություն պարգեւելու համար, գրում է  պարբերականը: Այդ խոսքերը Գոդենն արտաբերել է Ժակ Տոնապետյանի  աշխատանքին հարգանքի տուրք մատուցելուց հետո: Տոնապետյանն ավելի քան 25 տարի ղեկավարել է հայ համայնքը եւ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Մարսելի սենատոր քաղաքապետի խոսքով, Սահմանադրական խորհրդի դատավորները կտատանվեն օրենքի խիստ բովանդակության կիրառման  եւ ինքնիշխանության միջեւ, որը պետք է պատկանի ժողովրդին եւ որն արտահայտվել է խորհրդարանի երկու պալատների քվեարկությամբ: Երկընտրանքը կլուծվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մինչ այդ, Գոդենը խորհուրդ է տալիս չանել եւ չասել ոչինչ, ինչը կարող է որպես ճնշում դիտարկվել Սենատի անդամների վրա: Թվում է, վերածնվել է օրենքը մինչեւ խորհրդարանական նստաշրջանի ավարտն ընդունելու հույսը: