2011 թ. Հայաստան է ներկրվել 29.4 հազ. ավտոմեքենա, NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեից: Ներկրված մեքենաներից 26.4 հազարը մարդատար են, 3 հազարը` բեռնատար:
2010 թ. համեմատ` ներկրված ավտոմեքենաների քանակն աճել է մոտ 50 %-ով: Նշենք, որ ավտոմեքենաների ներկրման ռեկորդը գրանցվել է 2008 թ.` մոտ 42 հազ. հատ, սակայն այնուհետ ճգնաժամի հետեւանքով գրանցվել էր կտրուկ անկում: Այսպես` 2009 թ. ներմուծվել է 17.3 հազ. հատ մեքենա, 2010 թ.` 20.3 հազ. հատ:
Նշենք սակայն, որ նախորդ բոլոր 4 տարիներին ներկրված մեքենաների որակն ավելի բարձր է եղել:
2011 թ. ներկրված մեքենաների կեսից մի փոքր ավելին մինչեւ 5 հազ. դոլար արժողությամբ են` 16 հազ. հատ: Ընդ որում` սա այս գնային միջակայքում երբեւէ ներմուծված ամենամեծ խմբաքանակն է, ինչը նշանակում է, որ հայաստանցիները շարունակում են նախապատվություն տալ հին մեքենաներին:
Ներկրված մեքենաների 25 %-ը 5-10 հազ. դոլար արժողությամբ են (7.4 հազ. հատ): Ներկրվել է նաեւ 10-15 հազ. դոլար արժողությամբ 2200 մեքենա, 15-30 հազ. դոլար արժողությամբ 2300 մեքենա, եւ 30 հազ. դոլարից ավելի արժողությամբ` 1400 մեքենա:
Նշենք, որ ռուսական արտադրության մեքենաների տեսակարար կշիռը մեծ չէ` ընդամենը 2300 հատ կամ ներմուծվածների 7.8%-ը:
Ընդհանուր առմամբ` Հայաստան ներկրված մարդատար մեքենաների մաքսային արժեքը 2011 թ. կազմել է 223 մլն դոլար, ինչը մեր ներմուծման կառուցվածքում երրորդ ցուցանիշն է: Մեքենաների միջին մաքսային արժեքը 8.4 հազ. դոլար է, նախորդ տարվա 9.1 հազ. դոլարի համեմատ:




























