Անցնող ֆինանսական շաբաթում արտարժույթի առուվաճառքի գործարքների ծավալը գերազանցել է նախորդ շաբաթվա մակարդակը:

Այսպես` փետրվարի 13-17 ժամանակահատվածում կանխիկ արտարժույթի շուկայում բանկերը գնել են 73.5 մլն դոլար եւ վաճառել 86.5 մլն դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ արտարժույթի առուվաճառքի ծավալներն ավելացել են 4-5 մլն դոլարով: Աճ կա նաեւ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում` գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 17.9 մլն դոլար, նախորդ շաբաթվա 12 մլն դոլարի համեմատ: Հնարավոր է` ՀՀ Կենտրոնական բանկի միջամտությունը բորսայական առեւտրին:

Աճ կա նաեւ եվրոյի ու ռուսական ռուբլու գործարքների մասով: 

Բանկերը շուկայից գնել են 7 մլն եվրո եւ վաճառել 12.7 մլն եվրո: Որպես կանոն`բնակչությունն ավելի շատ եվրո է գնում, քան վաճառում: Եվրոյի «դեֆիցիտը» հայկական բանկերը լրացնում են արտասահմանյան գործընկեր բանկերի հետ գործարքներով: Սովորաբար` եվրոյի փոխարեն հայկական բակերը ռուսականներին առաջարկում են ռուբլի:

Քանի որ տրանսֆերտների մեջ ռուբլին մեծ կշիռ ունի` հայկական ֆինանսական շուկայում միշտ էլ առաջանում է ռուբլու ավելցուկ: Այս շաբաթ եւս բանկերը շուկայից գնել են մոտ 550 մլն ռուբլի եւ վաճառել ընդամենը 59 մլն ռուբլի: