2011 թ. ընթացքում շարունակվել է խանութներով իրականացվող առեւտրի շրջանառության աճը, այնինչ մանրածախ առեւտրի մյուս բոլոր տեսակներում անկում կա:

Այսպես` մանրածախ առեւտրի շրջանառությունը 2011 թ. կազմել է մոտ 1.3 տրլն դրամ (մոտ 3.5 մլրդ դոլար, աճը` 2.2 %), որից 63.3 %-ն իրականացվել է խանութների միջոցով: Խանութների առեւտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 7.1 %-ով: Սակայն նշենք, որ խանութներում առեւտրի աճը հիմնականում տեղի է ունենում խոշոր առեւտրային ցանցերի հաշվին, այնինչ միջին եւ փոքր խանութների մի մասը մրցակցությունից դուրս է մղվում: 

Երկրորդ տեղում սպառողական ապրանքների շուկաներն են (տոնավաճառներ), որոնց առեւտրի շրջանառությունը կազմել է ընդամենը 163 մլրդ դրամ (մոտ 440 մլն դոլար), իսկ նվազումը նախորդ տարվա համեմատ`13.4 %: Տոնավաճառներին բաժին է ընկնում մանրածախ առեւտրի 12.6%-ը, այնինչ 10 տարի առաջ դա կազմում էր 30 %:

Մանրածախ առեւտրում երրորդ տեղը պատկանում է կրպակներին, որոնց միջոցով իրականացվում է առեւտրի 3.5 %-ը, իսկ նախորդ գտարվա համեմատ առկա է 3.5 % անկում: Նշենք, որ 2001 թ. կրպակների միջոցով իրականացվում էր մանրածախ առեւտրի 17 %-ը: Կրպակների առեւտրի շրջանառությունը 2011 թ. կազմել է 45 մլրդ դրամ (մոտ 120 մլն դոլար):

Թեեւ գյուղատնտեսական տարին 2011  թ. հաջող էր, այնուամենայնիվ  պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում առեւտրի ծավալները նվազել են մոտ 15 % -ով եւ կազմել են 23 մլրդ դրամ (մոտ 62 մլն դոլար): Գյուղատնտեսական շուկաներում առեւտրի անկումը հավանաբար հետեւանք է նրա, որ խանութների զգալի մասում նույնպես սկսել են գյուղմթերք վաճառել: