Այսօր` փետրվարի 18-ին, Լատվիայում հանրաքվե է անցկացվում ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու մասին: Քվեարկել կարող են 18 տարեկանից բարձր Լատվիայի բոլոր քաղաքացիները:

Երկրի նախագահ Անդրիս Բերզինշը, վարչապետ Վասկիս Դոմբրովսկիսը եւ Սեյմի խոսնակ Սոլվիտա Աբոլթինյան մեկ օր առաջ քաղաքացիներին կոչ են արել դեմ քվեարկել ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տրամադրելուն:  Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովն իր դիրքորոշումը բարձրաձայնել է. նա քվեարկելու է «կողմ»: 

Ոստիկանությունն աշխատելու է արտակարգ ռեժիմով: Հանրաքվե անցկացնելու հարցը պառակտել է լատվիական հասարակությունը եւ սրել հարաբերությունները լատվիացիների եւ ռուսախոս բնակչության միջեւ: Լատվիայի ԿԸՀ-ի ղեկավար Արնիս Ցիմդարսը Լատվիայի քաղաքացիներին կոչ է արել քվեարկության ընթացքում հարգանքով վերաբերվել միմյանց եւ չխախտել հասարակական կարգը:

Այսօրվա դրությամբ Լատվիայում մեկ պետական լեզու կա` լատվերենը: Ռուսերենն ունի օտար լեզվի կարգավիճակ: «Մայրենի լեզու» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու օգտին ստորագրել են երկրի 183 հազար քաղաքացիներ անհրաժեշտ 150 հազար ստորագրությունների փոխարեն:  

Սեյմի լատվիական պահպանողական կուսակցությունների 20 պատգամավորներ հանրաքվեի նախօրեին դիմել են Սահմանադրական դատարան` պահանջելով արգելել նրա անցկացումը որպես սահմանադրությանը հակասող, սակայն դատարանը նրանց մերժել է:
Ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու համար անհրաժեշտ է, որ  դրա օգտին քվեարկեն Լատվիայի առնվազն 771 893 քաղաքացիներ` քվեարկության իրավունք ունեցող բնակչության կեսը: 

Լատվիայում ապրում է 2,1 միլիոն մարդ: Ռուսերենը մայրենի է երկրի բնակչության 44%-ի համար, սակայն նրանցից 319 հազարը քաղաքացի չեն` անձինք են, որոնք ապրում են հանրապետությունում մշտապես, սակայն ունեն սահմանափակ իրավունքներ: Մասնավորապես, ոչ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին եւ հանրաքվեներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: