Միջազգային իրավունքի կանոնները բավականին հստակ չեն որոշակիացնում ագրեսիայի հասկացությունը: Այս մասին հայտարարել է Հասարակական իրավունքի եւ քաղաքականության միջազգային խմբի ավագ խորհրդական Մարիեկե դե Հունը (Հոլանդիա)` ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող ԼՂՀ-ի հռչակման 20-ամյակին նվիրված Միջազգային գիտական կոնֆերանսում:
Որպես օրինակ բերելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը` փորձագետը նշել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը մեղադրում են միմյանց ագրեսիայի մեջ, սակայն հարցն այնքան բարդ է, որ փակուղու առաջ է կանգնեցնում նույնիսկ հմուտ իրավաբաններին:
Ըստ նրա` ագրեսիայի ըմբռնման հակասող մոտեցումները արտացոլված են նույնիսկ ՄԱԿ-ի կանոնակարգի դրույթներում, որն արգելում է ագրեսիան, սակայն միեւնույն ժամանակ էլ առանձին դեպքերում թույլատրում:
Բացի նրանից, որ ագրեսիա հասկացությունը զուտ սուբյեկտիվ քաղաքական բնույթ է կրում, գոյություն ունի հայեցակարգի ընկալում, այսինքն երբ նույն փաստը տարբեր կերպ է ընկալվում: «Ժամանակը կարող է փոխվել, եւ վաղն ագրեսիա կդառնա այն, ինչը երեկ այդպիսին չէր», - նշել է փորձագետը` ավելացնելով, որ «Կոսովոն եւ Իրաքն ապացուցում են ասվածը»:




























