Արցախում կառավարող վերնախավը դրականորեն տարբերվում է հարեւան երկրներից: Այդ մասին ասել է Ռուսաստանի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կրիլովը՝ Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովի ժամանակ:
Վերջինիս խոսքով, եվրոպական երկրներում վերնախավ ասելով հասկանում են քաղաքական վերնախավը, հետխորհրդային տարածքում վերնախավը ոչ միայն քաղաքական, այլեւս ֆինանսական, տնտեսական ֆունկցիաներ ստանձնեց: «Արցախում իրավիճակը համեմատաբար լավ է հարեւան երկրներից»,- նշեց Կրիլովը:
Ըստ փորձագետի՝ հետխորհրդային տարածքում վերնախավերի հայտնվելն ուղեկցվում էր արդյունաբերական եւ տնտեսական անկմամբ: «Այդ վերնախավերն առաջացան ոչ թե քաղաքական ընտրանքի, այլ պատահականության արդյունքում, ուստի չեն գիտակցում իրենց դերն ու նշանակությունը ազգերի ճակատագրում»,- նկատեց Կրիլովը՝ հավելելով, որ վերնախավերը ապահովում են ընտրություններում իրենց վերարտադրությունը՝ անկախ իրական արդյունքներից:
«Արդյունքում այսօր Ադբեջանում եւ Վրաստանում պառակտված ընդդիմությունը շանս չունի իշխանության գալու, Հայաստանում էլ վիճակն առանձնապես լավ չէ: Կա ավելի հզոր ընդդիմությունը, որը, սակայն, չի կարող լեգիտիմ ճանապարհով իշխանություն վերցնել»,- նշեց ռուսաստանցի փորձագետը:
Նշենք, որ Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am գործակալությունն է:




























