«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ին այս անգամ մասնակցում էին ավագ դպրոցների 12-րդ դասարանի շուրջ 2400 դպրոցականներ ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ Շիրակի, Տավուշի, Արմավիրի եւ Արարատի մարզերի մի շարք դպրոցներից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից: Ըստ առարկաների` յուրաքանչյուր դպրոցից օլիմպիադային կարող էր մասնակցել 2-3 աշակերտ, օլիմպիադայի տեւողությունը չորս ժամ էր: ՀՀ մարզերի դպրոցականներն օլիմպիադային մասնակցում էին իրենց մարզկենտրոններում: Յուրաքանչյուր առարկայի համար կազմվել էր հանձնաժողով, որի նախագահները համապատասխան ֆակուլտետների դեկաններն էին:
Նշենք, որ արդեն չորրորդ տարին է` Երեւանի պետական համալսարանը դպրոցականների համար կազմակերպել էր օլիմպիադա, որի հիմնական նպատակն է նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, նրանց ծանոթացնել իրենց նախընտրած ֆակուլտետներին: Օլիմպիադան անցկացվում էր հետեւյալ հանրակրթական առարկաներից` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք ու հայ եկեղեցու պատմություն:
«ԵՊՀ օլիմպիադա-2012»-ի փակման եւ պարգեւատրման արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին։




























