Ռուսաստանն ու Չինաստանը հրավեր են ստացել` մասնակցելու «Սիրիայի ընկերները»  թեմայով կոնֆերանսին, որը տեղի կունենա Թունիսում` փետրվարի 24-ին: Արաբական լրատվամիջոցների հաղոդմամբ, այդ մասին հայտնել է Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալամը:

Նա հայտարարել է, որ երկու երկրներն էլ արդեն հրավեր են ստացել եւ հավաստիացրրել, որ ոչ ոք մտադիր չէ այդ երկրներին հեռացնել սիրիական խնդրի լուծումից:

Աբդեսալյամը պարզաբանել է, որ առաջիկա ֆորումի նպատակն է «ուժեղացնել ճնշումը Սիրիայի ներկայիս իշխանությունների վրա»:

Այդուհանդերձ նախարարը նշել է, որ Թունիսը կտրականապես դեմ է Սիրիա ռազմական ներխուժմանը եւ երբեք չի դառնա մեկնարկային դաշտ արաբական մեկ այլ երկրի դեմ ռազմական ներխուժման գործում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Թունիսի ԱԳՆ ղեկավարը նաեւ նշել է, որ սիրիական ընդդիմության գլխավոր խմբավորումը` Սիրիական ազգային խորհուրդը, պաշտոնապես չի ներկայացվելու կոնֆերանսին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը բացառել է Ռուսաստանին եւ Չինաստանին Սիրիայի ընկերների ցուցակից, քանի որ նրանք չեն պաշտպանել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի հարցով բանաձեւի ընդունումը: