Մահմեդական մոլեռանդների ամբոխը Եգիպտոսում քրիստոնյաների հերթական ջարդն են իրականացրել. սալաֆիների ներկայացուցիչների գլխավորությամբ խումբը վառել է ղպտիական եկեղեցին եւ քրիստոնյաների տները Կահիրեից հյուսիս-արեւելք գտնվող Մեհեթ Բաշար գյուղում: Ջարդերին մասնակցել են շուրջ 2000 մահմեդական ծայրահեղականներ:
Փետրվարի 12-ին սկսված հակամարտությունը հանդարտվել էր միայն փետրվարի 15-ին, այն բանից հետո, երբ «Մահմեդական եղբայրների» մի քանի առաջնորդներ սալաֆիներին խնդրել էին հեռանալ գյուղից:
Դեպքի արդյունքում Շարքիա նահանգի Զագազիգի Մեհեթ Բաշար գյուղում (Կահիրեից 50 կմ հյուսիս-արեւելք) այրել էին սբ. Մարիամ Աբրահամի եկեղեցին:
Ջարդերն սկսվել են այն բանից հետո, երբ անհետացել է քրիստոնյա աղջիկ Ռանիա Հալիլը, որի հայրը քրիստոնեությունից իսլամի էր անցել: Սալաֆիները լուրեր էին տարածել, իբր աղջկան փախցրել են քրիստոնյաները, որպեսզի կանխեն նրա մուսուլման դառնալը:
Աղջիկը հայտնաբերվել է փետրվարի 15-ին եւ այժմ գտնվում է ոստիկանության պաշտպանության ներքո: Նա եւ նրա մայրը կհարցաքննվեն ոստիկանության կողմից, հայտնում է «Սեդմիցան»:
Եգիպտոսում վերջերս տեղի ունեցած ընտրությունների ընթացքում իսլամական կուսակցությունների հաղթանակից հետո ղպտի-քրիստոնյաների վրա հարձակումները հաճախակի են դարձել ամբողջ երկրով մեկ: Նրանցից վերջինը տեղի էր ունեցել հունվարի 27-ին Ալեքսանդրիայի մոտ գտնվող Էլ Ամերիա գյուղում (Քոբրի էլ Շարբաթ): Այնտեղ եւս ջարդերի կազմակերպիչները սալաֆիներն են եղել, որոնք փորձել են այրել գյուղում ապրող 62 ղպտիների ընտանիքներ:




























