Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության ութերորդ տարելիցը։ Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում, ուր հայազգի երկու սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին։

2006թ. ապրիլի 3 –ին Բուդապեշտի դատարանը  մարդասպան Ռամիլ Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Գազանային սպանության պատճառը միայն  այն էր, որ Մարգարյանը հայ էր:

Ամոթալի հանցագործությունից անցել է 8 տարի, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է «հերոսին» հայրենիք վերադարձնելու փորձերը: Հայտարարվում է, թե Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ բանակցություններ են վարվում:

2008թ. Երեւան այցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Կինգա Գենցը նշել էր, որ Սաֆարովին Ադրբեջանին վերդարձնելու հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: «Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար շոկ էր: Սաֆարովին վերդարձնելու հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի: Սաֆարովին վերաբերող  բոլոր հարցեը լրջորեն կքննարկվեն: Ամենագլխավոր հարցն այն է, արդյոք  Ադրբեջանում Սաֆարովի նկատմամբ շարունակվելու է ցմահ ազատազրկում կիրառվել, թե ոչ»:

2011թ. օգոստոսին, երբ Սաֆարովը դարձավ 34 տարեկան, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ նույնիսկ շնորհավորեցին նրան` համարելով «իսկական մարտիկ», «Ադրբեջանի հերոս զավակ» եւ այլն: Անգամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը, հանդես գալով  միջազգային ASAIF համաժողովում, նշել էր Սաֆարովի «սխրանքի» մասին եւ հայտարարել, թե նա «զոհաբերեց իրեն հանուն երկրի բարգավաճման»: Ահա թե ինչպիսի գիտակցություն է տիրում Ադրբեջանում: