Մայաների քաղաքակրթության քաղաքներն ուսումնասիրող գիտնականները կարողացել են հնագույն շուկաներ հայտնաբերել ճարտարապետական նշանների վերլուծության շնորհիվ՝ նույնիսկ այնտեղ, որտեղ առևտրային հարթակների ուղղակի հետքերը վաղուց անհետացել են, գրում է The Archeologist ամսագիրը։
Պարզվել է, որ մայաների բնակավայրերում շենքերի կառուցվածքն ու հատակագծումը կարող են տնտեսական ակտիվության ցուցիչ լինել, ինչն օգնում է ավելի խորն ըմբռնել այս մշակույթի առօրյան։
Նախկինում հնագետները դժվարությունների էին հանդիպում շուկաները նույնականացնելիս, քանի որ, ի տարբերություն պալատների կամ տաճարների, առևտրային տարածքները հաճախ քարե նկատելի հետքեր չեն թողնում և կարող էին գտնվել հիմնական ճարտարապետական համալիրներից դուրս՝ բաց հրապարակներում։
Հետազոտողների խումբը վերլուծել է մայաների դասական շրջանի քաղաքները (մոտավորապես մ.թ. 250-900 թվականներ) և հայտնաբերել, որ որոշակի ճարտարապետական տարրեր, օրինակ՝ գլխավոր փողոցներին անմիջական ելք ունեցող լայն բաց հրապարակները և բնակավայրի կենտրոնին մոտ լինելը, փոխկապակցված են տնտեսական ակտիվության հետ։
Այս նշանները թույլ են տալիս մեծ հավանականությամբ որոշել շուկաների տեղը, իսկ խեցեղենի, վանակատե (օբսիդիանե) սայրերի և առևտրային այլ իրերի հայտնաբերումը հաստատում է, որ այդ հրապարակները ծառայել են որպես ապրանքների ու ծառայությունների փոխանակման կենտրոններ։ Ճարտարապետության վերլուծությունը՝ արհեստագործական արհեստանոցների մասին տվյալների և նյութերի մնացորդների հետ համադրելով, թույլ է տալիս վերականգնել շուկաների գործունեության պատկերը և դրանց դերը մայաների քաղաքների կյանքում։
Նոր մեթոդները հնարավորություն են տալիս ոչ միայն բացահայտել առևտրային տարածքները, այլև ավելի լավ հասկանալ տարբեր բնակավայրերի միջև տնտեսական կապերը, ինչպես նաև բնակչության առօրյան, որտեղ առևտուրն ու փոխանակումը ոչ պակաս դեր են խաղացել, քան ծեսերն ու վերնախավի իշխանությունը։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ճարտարապետական վերլուծությունը կարող է հուսալի գործիք լինել հնագետների համար տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտներ փնտրելիս, հատկապես հնագույն քաղաքակրթություններ ունեցող տարածաշրջաններում, որտեղ օրգանական նյութերը չեն պահպանվել, իսկ շուկաների քարե հետքերը կարող էին անհետացած լինել։ Նման մոտեցումը նոր հնարավորություններ է բացում մայաների տնտեսական կյանքն ուսումնասիրելու համար և փաստում, որ քաղաքաշինական հատակագծումը կարող է կարևոր տեղեկություններ պահել հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած սոցիալական ու տնտեսական գործընթացների մասին։