Հարավային Կորեան ռազմական զորավարժություններ է իրականացնում Դեղին ծովում` Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ գտնվող վիճահարույց ջրերում:  Զորավարժություններն սկսվել են այսօր` փետրվարի 20-ի առավոտյան, եւ կշարունակվեն մի քանի ժամ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռեւս ոչ մի գործողություն չեն ձեռնարկել դրա հետ կապված:

Associated Press-ին անանուն աղբյուրը հայտնել է, որ հարավկորեական սահմանապահ կղզիների բնակիչներին խորհուրդ է տրվել զորավարժությունների  ընթացքում ստորգետնյա ապաստարաններ իջնել:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ի իշխանությունները նախատեսված զորավարժություններն անվանել էին «սադրանք» եւ խոստացել պատասխանել նրանց  «անողորմ» հարվածներով:

Զորավարժությունները տեղի են ունենում Ենպհենդո կղզու շրջանում, որը 2010 թվականի նոյեմբերին հրաձգության էր ենթարկվել ԿԺԴՀ-ի կողմից: Այն ժամանակ զոհվել էր Հարավային Կորեայի 4 քաղաքացի, շուրջ 20 մարդ էլ տուժել էր:

Հարավային Կորեայի զինված ուժերը պարբերաբար զորավարժություններ են անցկացնում ԿԺԴՀ-ի սահմանների մոտ, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հետ համատեղ: Այդ զորավարժությունները մշտապես հարուցում են հյուսիսկորեական իշխանությունների դժգոհությունը, գրում է Lenta.ru-ն: