Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնել է ընդդիմության առաջադրած նախագահի թեկնածությանը, որը նախկին ԳԺՀ-ի իրավապաշտպան եւ հոգեւոր հովիվ Յոհաիմ Հաուկն է:

Գերմանիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել փետրվարի 17-ին Քրիստիան Վուլֆի հրաժարականից հետո, որին մեղադրում են ծառայողական դիրքի չարաշահման եւ ֆինանսական շահույթներ ստանալու մեջ:

Վուլֆը խնդրահարույց թեկնածու էր հենց 2010 թվականի իր առաջադրման պահից, նրան որպես նախագահ չէին ցանկանում տեսնել ոչ ընդդիմությունը, ոչ էլ քաղաքացիները: Դաշնային ժողովի անդամներն Վուլֆին նախագահ էին ընտրել միայն երրորդ փուլում: Հաուկին, ըստ սոցհարցումների, այն ժամանակ աջակցել էր քաղաքացիների մեծամասնությունը:

Մինչեւ կուսակցական խորհրդակցությունների ավարտը, որոնք ընթանում էին հանգստյան օրերին նախագահի թեկնածության համար, Մերկելը Հաուկի թեկնածությանը համաձայն չէր: Բունդեսթագի ներկայիս նախագահ Նորբերթ Լամմերթը եւ Սահմանադրության պաշտպանության վարչության նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն հրաժարվել են նախագահի թեկնածության առաջադրումից: Հաուկի թեկնածությունն առաջարկել է ընդդիմությունը, ինչպես նաեւ «ազատ ժողովրդավարները»:

Ըստ գերմանական լրատվամիջոցների գնահատման` Մերկելը տեղի է տվել «ազատ ժողովրդավարների» ճնշման տակ, չնայած այն բանին, որ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունները մինչեւ վերջին պահն ակտիվ ընդդիմանում էին, մտավախություն ունենալով, որ Հաուկի առաջադրումը կդառնա սեփական սխալների ընդունումը: Այժմ Մերկելի որոշումը երկակի են գնահատում` ոմանք որպես այն բանի ընդունում, որ Վուլֆի հետ կապված նա սխալ որոշում էր կայացրել, մյուսներն էլ` որպես Մերկելի մասշտաբի ապացույց:

Երկարաժամ խորհրդակցությունից հետո Մերկելը զանգահարել է Հաուկին: Այժմ նրան պետք է ընտրեն երկրի Դաշնային ժողովի անդամները, ընտրությունների ժամկետը դեռեւս նշանակված չէ:

Գերմանիայի քաղաքացիների պատկերացմամբ Հաուկը ԳԺՀ-ի ազատության մարտիկ է, այլախոհ, որը միացյալ երկրի համար բացեց  արեւելագերմանական պետանվտանգության հանրահայտ «Շթազի» արխիվը: Ըստ  Bild-ի հարցման` Հաուկին աջակցում է քաղաքացիների 54%-ը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: