Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական շփումներին և խիստ նախազգուշացում է արել ամերիկյան կողմին, երկուշաբթի ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը՝ պատասխանելով չորս ամերիկացի սենատորների Թայվան այցի վերաբերյալ հարցին։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ամերիկյան կողմին կոչ է արել ձեռնարկել կոնկրետ գործողություններ՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների ընդհանուր շահերը պաշտպանելու և Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար, հաղորդում է «Սինհուա»-ն։

Միացյալ Նահանգները պետք է հավատարիմ մնա «մեկ Չինաստան» սկզբունքին և Չինաստան-ԱՄՆ համատեղ երեք պաշտոնական կառավարական հաղորդագրություններին, կշռադատված և համապատասխան կերպով լուծի Թայվանի հարցը, դադարեցնի Թայվանի հետ բոլոր պաշտոնական շփումները և դադարեցնի սխալ ազդանշաններ ուղարկել «Թայվանի անկախությունը» պաշտպանող անջատողական ուժերին, ընդգծել է Մաո Նինգը։

«Չինաստանի դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ հետևողական և հստակ է։ Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վճռականորեն պաշտպանելու համար»,- հայտարարել է պաշտոնական ներկայացուցիչը։