ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամներ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը` կոնգրեսական Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ, փետրվարի 19-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Կոնգրեսական պատվիրակության պատվին նախագահ Սարգսյանի տված պաշտոնական ճաշին ներկա էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 5 անդամները եւ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դրայերն ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը երկկողմ հարաբերությունների տեսանկյունից եւ կոչ արել կառավարությանն ու բոլոր քաղաքական կուսակցություններին «անել իրենցից կախված ամեն ինչ` ապահովելու ազատ, արդարացի եւ վստահության արժանի ընտրություններ»: Պատվիրակությունը հետաքրքրություն է հայտնել ՀՀ ազգային ժողովի եւ ԱՄՆ կոնգրեսի միջեւ կապերի սերտացման վերաբերյալ:
Կոնգրեսականները Հայաստան են ժամանել որպես Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամներ: Այն երկկուսակցական հանձնաժողով է, որի կազմում ներառված են 20 կոնգրեսականներ: Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը հիմնադրվել է 2005թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից` նպատակ ունենալով աջակցել անկախ, ժողովրդավարական օրենսդիրներին: Հանձնաժողովը նպատակ ունի փորձի փոխանակման ծրագրերի, անդամների ու աշխատակազմի ներկայացուցիչների համար ուսուցողական դասընթացների եւ թիրախավորված նյութական աջակցության միջոցով օգնել գործընկեր օրենսդիր կառույցներին կարողությունների զարգացման հարցում այնպիսի կարեւոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են` օրենսդրական վերահսկողությունը, բյուջեի վերլուծությունը, հանձնաժողովների գործունեությունը, ընտրազանգվածի հետ հարաբերությունները, գրադարանային եւ հետազոտական ծառայությունները: Սա Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկրորդ այցն էր Հայաստան:
Պատվիրակության կազմում ընդգրկված են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Դրայերը (հանրապետական, Կալիֆորնիա), Ջեյմս Մորանը (դեմոկրատ, Վիրջինիա), Ջո Վիլսոնը (հանրապետական, Հարավային Կարոլինա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Քենի Մարչանթը (հանրապետական, Տեխաս), Ներկայացուցիչների պալատի հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Պատրիկ Կոնրոյը եւ աշխատակազմի անդամներ:



























