Ռուսական գազային «Գազպրոմ» ընկերությունը համաձայն է Ուկրաինային գազի համար 10 տոկոս զեղչ տրամադրել:  Այս մասին գրում են ռուսական մի քանի գործարար հրատարակություններ` հղում անելով ընկերության անանուն աղբյուրներին:

10 տոկոսանոց զեղչը նշանակում է, որ  «Գազպրոմը» «Նավթոգազին» վառելիք կվաճառի  հազար խմ-ի համար մոտավորապես  375 դոլար արժեքով, այսինքն հենց այնքան, ինչքան որ նախատեսված է 2012 թվականի «Գազպրոմի» բյուջեով, գրում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

«Գազպրոմն» իսկապես կարող է զիջումների գնալ, սակայն փոխարենը պահանջում է  2012 թվականին 33 միլիարդ խմ վառելիք գնելու երաշխիք: Ուկրաինայում ասել էին, որ ցանկանում են ձեռք բերել միայն 27 միլիարդ խորանարդ մետր, գրում է  «Կոմերսանտ-Ուկրաինան»:

Ուկրաինայում 10 % զեղչի առաջարկությանը դեռեւս չեն արձագանքել: Ավելի վաղ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել էր, որ կպայքարի գազի  հազար խորանարդ մետրը 250 դոլար արժեքով ձեռք բերելու համար:

Փետրվարի կեսին հայտնի էր դարձել, որ «Գազպրոմը» 10 %-ով պայմանագրային գինն իջեցրել է մի շարք արեւմտաեվրոպական երկրների համար եւս, գրում է  Lenta.ru-ն: