Միջազգային իրավունքում չկա մի նորմ, որը թույլ չի տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետության ինքնորշման իրավունքը: Այս մասին այսօր` փետրվարի 20-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:

«Գիտաժողովի հիմնական հարցադրումներում ու ելույթներում նշվում էր, որ ԼՂՀ անկախության գործընթացն անշրջելի է եւ ներկա պահին մնում է հասնել նրա միջազգային ճանաչմանը»,- ասաց նա, հավելելով, որ այդ գիտաժողովին հրավիրված էին շուրջ 15 երկրների միջազգային փորձագետներ:

«Գիտաժողովում խոսվել է նաեւ տարածքային ամբողջականության մասին: Բոլորը կարեւորել են ԼՂ-ի մասնակցությունը բանակցային գործընթացին: Խոսք է եղել նաեւ Ղարաբաղը ժողովրդավարության մոդել դարձնելու մասին»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը: