Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի տարածքում աշխատանքներ կատարելու ժամանակ, փետրվարի 11-ին, ավտոկռունկի փոքր բեռների համար նախատեսված բեռնակիր կեռիկն իր ծանրության գլանակով պոկվել եւ ընկել է հանքի բանվոր, Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 58-ամյա Յուրա Բունիաթյանի վրա: Վերջինս տեղում մահացել էր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ Գեղամ Մարգարյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հանք են ժամանել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանատուները:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: