Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը 2012 թվականը հայտարարել է Սեյսմիկ պաշտպանության եւ Հիդրոմետ ծառայությունների բարելավման  ու զարգացման տարի։ Այս մասին նա հայտարարել է այսօր` փետրվարի 20-ին, ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին քայլը կլինի Գառնիի դիտարանի հզորացումը եւ այնտեղ գտնվող դեֆորմոգրաֆ սարքի արդիականացումն ու վերագործարկումը։

Նախարարին զեկուցել են, որ վերջին օրերին, կապված ձյան առատ տեղումների հետ, հրշեջ-փրկարարներն արձագանքել եւ խցանումներից դուրս են բերել ձնաբքի մեջ մնացած բազմաթիվ ավտոմեքենաներ եւ օգնություն ցուցաբերել տասնյակ մարդկանց։ Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Արագածոտնի եւ Շիրակի մարզերում։ Նախարար Երիցյանը նշել է, որ ձյան խցանումներից ավտոմեքենաների դուրս բերման եւ մարդկանց հրատապ օգնություն ցուցաբերելու աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով այս տարվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռք կբերի մի քանի նոր ամենագնաց ավտոմեքենա։

Մարտի 1-ին` Քաղպաշտպանության միջազգային օրվա առթիվ 162 դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ` դասընթացներ, վարժանքներ, տարահանումներ։

Նախարար Երիցյանը հանձնարարել է պատշաճ մակարդակով նախապատրաստվել այս տարի Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի միջազգային ուսումնավարժությանը: