Ադրբեջանի Սաբիրաբադ շրջանում արտակարգ դրություն է ստեղծվել, այստեղ զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Այդ մասին հաղրդում է Telefqraf.az-ը` վկայակոչել Սաբիրաբադի իր թղթակցի հաղորդած տեղեկությունները: Տեղեկության համաձայն, Կուրի հեղեղումների հետեւանքով տուժածները պատրաստվում էին փետրվարի 24-ին բողոքի ակցիա կազմակերպել, ինչը լրջորեն մտահոգել է շրջանի տեղական կառավարման մարմիններին: Ձերբակալությունները սկսվել են փետրվարի 18-ից:
«Ոստիկանները մտնում են շրջանային գյուղեր, ձերբակալում մարդկանց եւ տեղափոխում բաժին: Ընդ որում, այս գործողություններն ընդգրկել են նաեւ հարեւան շրջանների բնակիչներին: Օրինակ, երկու բնակիչ են ձերբակալել Սաաթլը շրջանից: Սաբիրաբադի շրջանային ոստիկանության քրեական հետախուզման վարչության պետը ստորացնում է ձերբակալվածներին, սպառնում նրանց: Նա նաեւ հայտնել է, որ ամսի 24-ին հատուկ նշանակության ուժեր են մտնելու Սաբիրաբադ»,-գրում է Telefqraf.az-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ ոստիկանական բաժանմունքի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվել եւ պահանջում են ազատ արձակել ձերբակալվածներին: Փոխոստիկանապետը խոսել է բնակիչների հետ եւ կոչ արել չկազմակերպել նախատեսված ցույցը:
Նշենք, որ Կուրի հեղեղումները հետեւանքով տուժած բնակիչներին դեռեւս անհրաժեշտ փոխհատուցում չի տրամադրվել, որի հետեւանքով էլ նրանք սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնել:




























