Հայ-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վալերի Գելբախիանին: Այդ մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
ՆԳՆ հայտարարության համաձայն, Վալերի Գելբախիանին ձերբակալվել է 2012-ի փետրվարի 20-ին: 2008-ի հունվարի 22-ին նա պատասխանատվության է ենթարկվել «Վրաստանի սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու նպատակով դավադրություն կամ խռովություն կազմակերպելու» հոդվածով:
2007-ին Գելբախիանին գլխավորել է Վրաստանի նախագահի թեկնածու Պատարկացիշվիլիի նախընտրական շտաբը: 2008-ին նրա դեմ հարուցված քրեական գործից հետո նախկին պատգամավորը փախել է երկրից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:
2008-ի փետրվարի 2-ին նրա վերաբերյալ ձերբակալման հեռակա որոշում են ընդունել: 2008-ի փետրվարի 4-ից նա հետախուզման մեջ է:
2012-ի սկզբին Գելբախիանին նամակ է տարածել, որտեղ խնդրում էր իրեն անվտանգության երաշխիքներ տրամադրել, որպեսզի Վրաստանում այցելի իր հիվանդ մորը:




























