Նախարարները պետք է քաղաքական կերպարներ լինեն, այլ ոչ զուտ որակավորված մասնագետներ: Փետրվարի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի` ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը` խոսելով իր սպասումների մասին մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո:
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո խորհրդարանը պետք է ձեւավորի նոր կառավարությունը: «Բնականաբար, կուսակցական ցուցակներով խորհրդարան անցածները կարող են նշանակվել կառավարության կազմում»,-հայտարարել է Այվազյանը, ով 2001-2007 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Էկոլոգիայի նախարարի պաշտոնը:
Նա մեծ փոփոխություններ չի ակնկալում նոր կոալիցիոն կառավարության կազմում: «Կոալիցիոն ուժերը ռեվերանսներ կանեն միմյանց: Համոզված եմ, որ ֆավորիտը կլինի ՀՀԿ-ն` իր գործունեության, անցած ճանապարհի շնորհիվ: Կարծում եմ, որ ընդդիմադիր ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը եւս կանցնեն խորհրդարան»,-նշել է նա:



























