Դիտարկվում է Nabucco խողովակատարի հզորության եւ երկարության նվազեցման հնարավորությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով տվյալ նախագծի իրագործման համար ստեղծված  ընկերության կոնսորցիումի անանուն աղբյուրներին:

Nabucco-ի սկզբնական իրագործման նախագիծը ենթադրում էր 3900 կմ երկարությամբ խողովակատարի շինարարություն, որը պետք է  Միջին Ասիայի երկրները միավորեր Ավստրիայի հետ` Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքների միջոցով: Nabucco-ի հզորությունը պետք է կազմի 31 միլիարդ խմ գազ: Այժմ կոնսորցիումը մի տարբերակ է դիտարկում, ըստ որի` Nabucco-ի հզորությունը կնվազեցվի երկու անգամ, եւ գազատարը կանցնի միայն Ավստրիայի եւ Բուլղարիայի միջով: 

Ըստ հրատարակության տվյալների` Nabucco-ի սկզբնական նախագծից կոնսորցիումը դեռեւս չի հրաժարվել, սակայն շինարարություն սկսելու ժամկետները եւ գազատարի թողարկումն արդեն բազմիցս հետաձգվել են: Այսպես, անցյալ տարվա հոկտեմբերին հանձնման ժամկետը 2017 թվականից հետաձգվել էր մինչեւ 2018 թվականը:

Հիմնական հարցը, որն առայժմ չի կարողանում որոշել Nabucco-ի կոնսորցիումը  (որտեղ ներառված են գերմանական RWE-ն, բբուլղարական Bulgargaz-ը, ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, ռումինական Transgaz-ը եւ  թուրքական Botas-ը), խողովակի լրացման ռեսուրսների որոնումն է:

2011 թվականին Եվրահանձնաժողովն ստիպված է եղել անմիջական բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի եւ Թուրքմենիայի հետ տրանսկասպյան գազամուղի նախագծի կապակցությամբ, որը պետք է անցնի Կասպից ծովի հատակով:   Սակայն Կասպից ծովի կիսման պայմանագրի բացակայության պատճառով տվյալ նախագծի իրականացումը քիչ հավանական է:

Nabucco-ի հաշվին եվրոպական երկրները հույս ունեն նվազեցնել կախվածությունը ռուսական գազից: Nabucco-ի հիմնական հակառակորդն է համարվում  «Հարավային հոսքը», որի շնորհիվ Ռուսաստանը կարող է վառելանյութ մատակարարել Բալկաններ եւ Հարավային Եվրոպա առանց միջնորդների, հիշեցնում է Lenta.ru-ն: