Հարավային Օսիայի պաշտպանության նախարարի տեղակալ Իգոր Ալբորովը տեղական ԿԸՀ-ին տեղեկացրել է նախագահական ընտրություններից իր թեկնածությունը հանելու ցանկության մասին: Իր որոշումը մեկնաբանելով` Ալբորովը նշել է, որ այն ընդունել է ելնելով հանրապետությունում տիրող  հասարակաքաղաքական դրությունից եւ ցանկանալով այդպիսով երկրի օգտին գիտակցված ընտրություն կատարել:

Փետրվարի սկզբին նախընտրական մրցապայքարից իր  կամքով հեռացել է Հարավային Օսիայի խորհրդարանի փոխխոսնակ Միրա Ցխավրեբովան, նրանից հետո նախագահական ընտրությունների մասնակցելուց հրաժարվելու մասին փետրվարի 17-ին  հայտնել է Հարավային Օսիայի տեղեկատվության, կապի եւ զանգվածային հաղորդակցման միջոցների հանձնաժողովի նախկին ղեկավար Գեորգի Քաբիսովը:

Ինչպես նաեւ երկրի ԿԸՀ-ն մերժել է գրանցել Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Ռոին Կոզաեւին եւ փոխխոսնակ Յուրի Ձիցոյտիին:

Այսպիսով, Հարավային Օսիայի նախագահի պաշտոնի համար ներկայումս պայքարում են 18 թեկնածուներ: Նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը ԿԸՀ-ն կհրապարակի փետրվարի 29-ին: 

Այսօր` փետրվարի 20-ին, նրանցից ութը քննություն կհանձնեն ռուսերենի եւ օսերենի իմացությունից, որոնք Հարավային Օսիայի պետական լեզուներն են. դա ընտրություններին մասնակցելու պարտադիր  պայման է, հայտնում է NEWSru.com-ը: