20 հազար լարիի (մոտավորապես 12 հազար դոլար) չափով դատական հայց է հարուցվել Վրաստանի նախագահի դեմ, իսկ հայցվորն է վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կինը` Եկատերինա Խվեդելիձեն: Այդ գումարը նա Վրաստանի նախագահից պահանջում է որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Խոսքը նախագահի նախորդ տարվա հրամանագրի մասին է, որով Իվանիշվիլին եւ նրա կինը զրկվել էին վրացական քաղաքացիությունից: Նման որոշման պաշտոնական հիմք է հանդիսացել նրանց այլ երկրների քաղաքացիություն ունենալը, հայտնում է «Գրուզիա Online»-ը:
Այն բանից հետո, երբ միլիարդատերը եւ նրա կինը զրկվել են վրացական քաղաքացիությունից, նրանք դիմել են դատարան: Նրանց պահանջները բավարարվել են մասամբ. դատարանն ընդունել է, որ Խվեդելիձեին վերաբերող մասն անօրինական է: Այդ առումով նախագահին պարտավորեցրել էին 100 լարիի (մոտավորապես 60 դոլար) չափով փոխհատուցում վճարել:
Հաշվի առնելով, որ իրեն վերաբերող նախագահի որոշումն անհիմն է եղել, Խվեդելիձեն այժմ պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում: Մոտ օրերս Թբիլիսիի քաղաքային դատարանը, որտեղ էլ ներկայացված է հայցը, կորոշի` դնել այն քննարկման, թե` ոչ:




























