Ըստ իրանական լրատվամիջոցների` Սիրիայի տարածքում գործում են թուրքական եւ իսրայելական զորամասեր, որոնք օգնում են ընդդիմությանը գործող վարչակարգը տապալելու համար:

Ըստ նրանց տվյալների` օրերս սիրիական զինվորականների մոտ գերի են ընկել 50 թուրք հետախույզներ, որոնք հրահանգիչ են աշխատել սիրիական ընդդիմության ռազմական խմբավորումները ձեւավորելիս: Նրանցից յոթը խոստովանել են, որ պատրաստականությունն անցել են «Մոսսադում»:

Բացի դրանից Սիրիայի տարածքում նաեւ իջեցվել է իսրայելական հրամանատարների զորամաս, որն աջակցում է Սիրիական ազատ բանակին, գրում է  «Ինտերֆաքսը»:

Ինչպես հայտնում է միջարաբական տեղեկատվական «Ալ Բավաբա» կայքը, շուրջ 11 հազար գրոհայիններ, հիմնականում Լիբիայից, պատրաստականություն են անցնում սիրիական սահմանից ոչ հեռու` Հորդանանի հյուսիսում գտնվող փակ ուժային գոտում: 

Հետագայում նրանք կտեղափոխվեն Սիրիա իշխանությունների դեմ ռազմական գործողությունների անցկացման համար: Նախագիծն, ամենայն հավանականությամբ, հովանավորվում է Քաթարի եւ Սաուդյան Արաբիայի կողմից, որոնք ակտիվորեն աջակցում են սիրիական ընդդիմադիրներին:

Այսօր ավելի վաղ չինական «Հուանցյու շիբաո» թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը Իրաքի ռազմակայաններից հետախուզական թռիչքներ են իրականացնում Սիրիայի տարածքում: