Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 14-ին, «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վահե Հարությունյանի ուղեբեռը, որում հայտնաբերվել են սպիտակ ոսկուց, թանկարժեք քարերով չհայտարարագրված 10 զարդեր: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 125 գրամ, իսկ մոտավոր արժեքը` նախնական գնահատմամբ` 19 հազար ԱՄՆ դոլար:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 16-ին նույն վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, կրկին «Զվարթնոց» օդանավակայանում, մաքսային հսկողության «կանաչ ուղին» հատելուց հետո, զննման են ենթարկել Դուբայ-Երեւան չվերթով ժամանած Հնդկաստանի քաղաքացի Ջիգնեշ Մեհտայի ուղեբեռը: Արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերել են սպիտակ եւ դեղին ոսկուց, թանկարժեք քարերով, չհայտարարագրված 9 զարդեր` 40,5 գրամ ընդհանուր քաշով, ըստ նախնական հաշվարկների մոտ 25 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով:
Ի դեպ, 2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության կողմից հայտնաբերված ոսկյա իրերի մաքսանենգության 5 դեպքով կանխվել է ավելի քան 2,5 կգ չհայտարարագրված ոսկյա զարդերի ներմուծման փորձ:




























