Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՍՊ ընկերության տնօրենի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներից ստացված դիմումի ուսումնասիրությամբ, պարզվել է, որ «Լիդեր Մոբիլ»  ՍՊ ընկերության տնօրենը 2007թ. հունվարի 25-ի 108-Ն որոշման եւ Երեւանի քաղաքապետարանի ու ՍՊ ընկերության  միջեւ 2007թ. մարտի 16-ին կնքված հանձնարարության պայմանագրի հիման վրա, Բուզանդի 103, 105 եւ 107 հասցեներում բնակելի շինությունների սեփականատերերի հետ  2007թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կնքել է «Հասարակության եւ պետության կարիքների համար անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքից, տնօրինումից, տիրապետումից եւ օգտագործումից հրաժարվելու, անձանց հաշվառումից հանելու, դրա դիմաց փոխհատուցման կարգով բնակելի մակերես հատկացնելու» վերաբերյալ պայմանագիր:

Ըստ այդմ` պարտավորվել է 36 ամիսների ընթացքում կառուցել եւ սեփականատերերին տրամադրել համարժեք բնակմակերեսներ կամ այլ փոխհատուցում:

Մինչդեռ, ըստ ուսումնասիրված նյութերի, հիշյալ ՍՊԸ-ի տնօրենը վերոհիշյալ հասցեների սեփականատերերի` շուրջ 380 809 204 դրամ գույքը  2008թ. օգոստոսի 27-ին գրավադրել է «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերությունում, իսկ  ստացված գումարը բնակելի շինություն կառուցելու փոխարեն տնօրինել է իր հայեցողությամբ, ծախսել անձնական եւ այլ նպատակներով:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ վարչություն` նախաքննություն կատարելու համար: