Նոր հետաքննության համաձայն՝ Սիրիայի կառավարությունը նվազեցնում է ալավիական համայնքի կանանց առեւանգումների, անհետացումների, բռնության եւ սեռական բռնության դեպքերի թիվը, հաղորդել է Middle East Eye-ը։
2024թ․ դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո նախագահ Ահմեդ ալ-Շարաայի գլխավորած անցումային կառավարությունը պնդում էր, որ հաստատել է ալավի կնոջ առեւանգման միայն մեկ դեպք։ Սակայն New York Times-ի նոր հետաքննությունը հաստատել է ալավի կանանց եւ աղջիկների առեւանգման առնվազն 13 դեպք։
Առեւանգվածներից հինգը պնդում են, որ գերության մեջ գտնվելու ընթացքում բռնաբարվել են, իսկ երկուսը հղի են վերադարձել տուն։ Հետաքննությունը հաստատում է Amnesty International-ի նախորդ տեղեկությունները, որը հուլիսին հայտնել էր, որ ունի հավաստի տեղեկություններ 36 նման առեւանգումների մասին, եւ սիրիական ֆեմինիստական լոբբիի տեղեկությունները, որը 2025թ․ սկզբից ի վեր հաշվել է 80 ալավի կանանց եւ աղջիկների անհետ կորելու մասին։ Առեւանգվածներից մի քանիսը պնդում են, որ ենթարկվել են կրոնական բռնության՝ առեւանգումները ներկայացնելով որպես վրեժխնդրության գործողություններ ալավիական համայնքի դեմ, որին պատկանում էր Ասադի ընտանիքը։ Մյուսները դրանք բնութագրում են որպես բնույթով զուտ քրեական։
New York Times-ի հետ զրուցած կանանցից մեկի ընտանիքը հայտնել է, որ իրեն գերեվարողներին ուղարկել են 17 հազար դոլար, որոնք նրան այդպես էլ ազատ չեն արձակել: 24-ամյա մեկ այլ կին ասել է, որ իրեն երեք շաբաթ պահել են կեղտոտ սենյակում, որտեղ նրան բազմիցս բռնաբարել են, ծեծել, գլուխն ու հոնքերը սափրել: Նրան նաեւ կտրատել են ածելիով: Նրան ազատ են արձակել, երբ ծնողները վճարել են փրկագինը: Նոր կառավարության եւ ալավիական համայնքի միջեւ լարվածությունը մնացել է բարձր Ասադի տապալումից հետո։
Անցյալ տարի Լաթաքիայի ափամերձ ալավիական նահանգում Ասադի ենթադրյալ հավատարիմների կողմից անվտանգության ուժերի վրա զինված հարձակումները վերածվել են դաժան արյունահեղության կրոնական հողի վրա:
Հաջորդած անկարգությունների ընթացքում սպանվել է առնվազն 1 500 ալավի։ Reuters-ի հետաքննությունը պարզել է, որ բռնությունների մեծ մասը կատարվել է Դամասկոսի անվտանգության ուժերի կողմից: Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուր ադ-Դին Բաբան New York Times-ին ասել է, որ չի կարող արձագանքել հետաքննությանը, եթե թերթը չանվանի այն անձանց անունները, որոնց հետ խոսել է, սակայն թերթը հրաժարվել է՝ խոստանալով անանուն մնալ: Նա թերթին պատմել է, որ աջակցել է նոյեմբերին հրապարակված կառավարության հետաքննությանը, որն ուսումնասիրել է առեւանգումների մասին 42 հաղորդագրություն, եւ պարզվել է, որ միայն մեկն է եղել «իրական»:



























