ԱՄՆ ռազմական ղեկավարությունն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի տարածքում գտնվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների թիրախների մի քանի ցանկ։ Դրանք այն վայրերն են, որոնց ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածել Իրանի տարածքում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան զինվորականներն ակտիվորեն նախապատրաստվում են Իրանի դեմ գործողության նոր փուլին։ Հասանելի արխիվային և ներկայիս տվյալների հիման վրա Պենտագոնը կազմել է մի քանի թիրախային ցուցակներ։ Ցուցակներից մեկի վերջնական ընտրությունը կկատարվի նախագահ Թրամփի կողմից։

Ամերիկյան առաջնորդը մարտի 26-ին հայտարարել էր Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ հասցնելու 10-օրյա դադարի մասին՝ մինչև ապրիլի 6-ի ժամը 20:00-ն (Երևանի ժամանակով՝ ապրիլի 7-ի 04:00-ն)։ Ինչպես ավելի ուշ հայտնել էր Axios պորտալը, ԱՄՆ նախագահը մեկ օրով երկարաձգել է Իրանի հետ հնարավոր գործարքի կնքման ժամկետները։ Պորտալն այսպես է մեկնաբանել Truth Social սոցիալական ցանցում Թրամփի հրապարակումը, որտեղ նա առանց որևէ պարզաբանման գրել էր. «Երեքշաբթի, ժամը 20:00՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով»։ Երկուշաբթի օրը Թրամփը սպառնացել էր ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, ինչպես նաև ակնարկել էր էլ ավելի ծանր հետևանքների մասին։

Ապրիլի 7-ին Etemad Online-ը հաղորդել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածները թիրախավորել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ և Զանջան քաղաքները կապող մայրուղային կամուրջը: ԱՄՆ-ն և Իսրայելը նաև հարձակվել են Իրանի Քաշան քաղաքում գտնվող երկաթուղային կամրջի վրա։ Հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել: