ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին «աննախադեպ և ամոթալի» միջամտության մասին։ Միևնույն ժամանակ, նա, ըստ էության, վճռականորեն աջակցել է Վիկտոր Օրբանին կիրակի օրը կայացած ընտրություններում, ինչը քննադատները, անկասկած, կորակեն որպես նրա սեփական միջամտությունը երկրի ընտրական գործընթացին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նա սկսել է եվրոպական բյուրոկրատների հասցեին սուր քննադատությամբ՝ նրանց մեղադրելով իր տեսած «արտաքին միջամտության վատթարագույն օրինակներից մեկի» և Հունգարիայի տնտեսությունը կործանելու փորձերի մեջ, իսկ հետո անմիջապես անցել է այն հայտարարությանը, թե ինքն այնտեղ է ընտրություններում օգնելու համար։
«Բրյուսելի բյուրոկրատները ցանկանում են թուլացնել Հունգարիայի տնտեսությունը և քչացնել երկրի անկախությունը. նրանք դա անում են, որովհետև ատում են այս տղային»,- ասել է Վենսը։
Նա նաև մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մեջ։
«ԱՄՆ-ն, անշուշտ, գիտակցում է, որ ուկրաինական հետախուզական ծառայություններում կան տարրեր, որոնք փորձում են ազդել ԱՄՆ-ի կամ Հունգարիայի ընտրությունների ընթացքի վրա. դա հենց այն է, ինչ նրանք անում են»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ ինքը Օրբանի մեջ տեսնում է մի մարդու, ով «կատաղի կերպով պաշտպանում է» իր երկիրը, «սատարում է արևմտյան քաղաքակրթության արժեքները» և, ընդհանուր առմամբ, ճիշտ է բոլոր հարցերում՝ սկսած էներգետիկայից, վերջացրած Ուկրաինայով։





























