«Handala» կիբերխմբավորումը  հայտարարություն է տարածել Իսրայելի ռազմաօդային ուժերի թոշակառու գնդապետ Վերեդ Հայմովիչի լայնածավալ գաղտնազերծման մասին, գրում է Shia News թելեգրամյան ալիքը։

Հաքերների տվյալներով՝ նա նշանակվել է Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրի կողմից՝ գաղտնի 166-րդ էսկադրիլիան գլխավորելու և Իրանի ռազմավարական թիրախների դեմ անօդաչու թռչող սարքերի գործողությունները վերահսկելու, ինչպես նաև Elbit Systems-ի Hermes անօդաչու թռչող սարքերի մշակման նախագիծը կառավարելու համար։

Հայտարարությունը բացահայտում է ցնցող մանրամասներ. նշվում է, որ Հայմովիչը նախկինում գաղտնի համագործակցել է Handala-ի հետ։

«Ուզբեկստանի Տաշքենդ քաղաքի հյուրանոցներից մեկում անցկացված հանդիպման ժամանակ նա 40 հազար եվրո կանխիկ գումար է ստացել՝ Elbit-ի անվտանգության համակարգերին մուտք գործելու համար: Նույն գիշերը հյուրանոցի վարձված աշխատակցուհին փոխանակել է իր անձնական կոշտ սկավառակը՝ խմբին փոխանցելով բոլոր գաղտնի օպերատիվ տեղեկությունները»,- գրում է ալիքը։

«Handala»-ն միաժամանակ հայտարարել է, որ Իսրայելի անօդաչու թռչող սարքերի ծրագրի ներքին անվտանգության համակարգը ոչնչացվել է, և որ Հայմովիչի թիմում դեռևս ակտիվ են վճարովի իրազեկիչները։

«Որպես առաջին քայլ և իրենց պնդումների ապացույց՝ հաքերները հրապարակել են գնդապետի 100 հազար էլեկտրոնային նամակներից բաղկացած արխիվ՝ խոստանալով բացահայտել նրա բոլոր կապերն ու գաղտնիքները»,- պնդում է ալիքը։