Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան խստորեն դատապարտել է Իրանի հասցեին Դոնալդ Թրամփի հնչեցրած սպառնալիքները, հայտնում է Politico-ն:

Կոշտան, ով որպես Եվրոպական խորհրդի նախագահ ներկայացնում է ԵՄ 27 առաջնորդներին, երկուշաբթի օրը Թրամփին հայտարարել է, որ. «Քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ էներգետիկ օբյեկտների վրա ցանկացած հարձակում անօրինական է և անընդունելի»։

Նա նշել է, որ այդ չափանիշները կիրառելի են թե՛ «Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի դեպքում, և թե՛ ամենուրեք»։

Սակայն, ինչպես ԵՄ մյուս առաջնորդները, Կոշտան ևս լռություն է պահպանել այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է, թե «այս գիշեր մի ողջ քաղաքակրթություն կկործանվի ու այլևս չի վերականգնվի»։

ԱՄՆ նախագահն ակնարկել էր, որ հարվածներ կհասցվեն կամուրջներին, ջրի մաքրման կայաններին և էներգետիկ համակարգերին։ Politico-ն նշում է, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա նման կանխամտածված հարձակումները կարող են ռազմական հանցագործություն համարվել։

Եվրոպական երկրները, որոնք անդադար փորձում են լեզու գտնել Թրամփի հետ (քանի որ վերջինս նրանց դիտարկում է ոչ թե որպես դաշնակից, այլ որպես ծաղրանքի թիրախ), այս անգամ փորձել են միասնական լինել։ Նրանք ցանկանում են, որ Թրամփը պահպանի նույն միջազգային նորմերը նաև Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

«ԵՄ երկրների մեծ մասը, եթե ոչ բոլորը, անհանգստացած են», — նշել է անանուն մնալ ցանկացած մի դիվանագետ՝ հավելելով, որ անհրաժեշտ է խուսափել «երկակի ստանդարտներից»։

Ըստ լրատվամիջոցի զրուցակցի՝ կառավարությունները կասեն հետևյալը. «Դուք միշտ քարոզել եք կայունություն, օրենքի գերակայություն և բազմակողմ աշխարհակարգ, և արդեն չորս տարի է՝ լսում ենք, թե ինչպես եք դատապարտում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածները»։