Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը, X-ի իր էջում գրել է, որ սա Միացյալ Նահանգների հաղթանակն է՝ կերտված նախագահ Թրամփի և «մեր հրաշալի զինվորականների» կողմից։

Իր հրապարակման մեջ Սպիտակ տան ներկայացուցիչը պնդում է, թե «Էպիկական ցասում» (Epic Fury) գործողության հենց սկզբից Թրամփը կանխատեսել էր, որ այն կտևի 4-ից 6 շաբաթ։

«Մեր զինվորների անհավանական կարողությունների շնորհիվ մենք 38 օրում հասանք մեր հիմնական ռազմական նպատակներին և նույնիսկ գերազանցեցինք դրանք», - նշել է Լիվիթը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ Զինված ուժերի հաջողությունը Թրամփին և նրա թիմին թույլ է տվել «գործի դնել ազդեցության առավելագույն լծակները, ինչը թույլ է տվել բարդ բանակցություններ վարել, որոնք այժմ ճանապարհ են բացել դիվանագիտական լուծման և երկարաժամկետ խաղաղության համար»:

«Բացի այդ, նախագահ Թրամփը հասել է Հորմուզի նեղուցի բացմանը։ Երբեք չպետք է թերագնահատել նախագահ Թրամփի՝ Ամերիկայի շահերը հաջողությամբ առաջ մղելու և խաղաղության հաստատմանը նպաստելու կարողությունը», - հավելել է Լիվիթը։