Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնական մասում գտնվող Շանդոր Պետյոֆիի անվան հրապարակում տեղադրված հայկական խաչքարի մոտ 2004 թվականին զոհված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ, փետրվարի 19-ին հանրահավաք է կայացել:
Միջոցառման, որը կազմակերպվել էր Հունգարիայի հայ համայնքի կողմից, մասնակցել է Վիեննայում Հայաստանի դեսպանության խորհրդական Արթուր Մուշեղյանը:
Հանրահավաքի ժամանակ Բուդապեշտի հայ համայնքի ներկայացուցիչները կրկին խստորեն դատապարտել են ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից գործած գազանաբարո սպանությունը, նշելով, որ դա արդյունք է Ադրբեջանում սկիզբ առած եւ մինչ օրս շարունակվող միլիտարիզմի եւ ազգայնամոլության քաղաքականության: Ծաղկեպսակներ են դրվել Հայաստանի դեսպանության եւ համայնքի կողմից:
Միջոցառումը լուսաբանվել է հունգարական մամուլում, այդ թվում` տեղի հայերեն եւ հունգարերեն լույս տեսնող «Արմենիա» ամսագրում եւ Հունգարիայի հասարակական ռադիոյով, ամենօրյա կեսժամյա հայերենով հեռարձակվող լուրերի ժամանակ:




























