Ոչ համակարգային ընդդիմության ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ լրջորեն մտածում է  ռուսական Սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություն կատարելու մասին, որը նույն անձին կարգելի երկու անգամից ավելի ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելը:

Բորիս Նեմցովն առաջարկել է փոփոխությունը կատարել Սահմանադրության այն հոդվածում, որով ասվում է, որ միեւնույն անձը չի կարող անընդմեջ զբաղեցնել Ռուսաստանի նախագահի պաշտոնը երկու  ժամկետ ղեկավարելուց հետո: Ընդդիմադիր քաղաքական գործիչը նշել է, որ նպատակահարմար է հոդվածից հանել «անընդմեջ» բառը, ինչին Դմիտրի Մեդվեդեւը հավանություն է տվել:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը, որը հույս ունի 2012թ. մարտի  4-ին երկրի ղեկավարի ընտրություններում հաղթել, երրորդ ժամկետն է ղեկավարելու: Հաղթանակի դեպքում նա երկիրը կղեկավարի եւս վեց տարի: Ակնհայտ է, որ Դ. Մեդվեդեւի կողմից հավանության արժանացած փոփոխությունը չեն հասցնի ընդունել նախքան սպասվելիք ընտրությունները, գրում է rbc-ն: