Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը չորեքշաբթի օրը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել իր իրանցի և կատարցի գործընկերների հետ, որոնց ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա հրադադարը և տևական խաղաղության հասնելու քայլերը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ Ֆիդանն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում գոհունակություն է հայտնել ժամանակավոր հրադադարի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Անկարան հետամուտ է լինելու կայուն խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։
ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է հետևողական աշխատանք կատարել, որպեսզի հրադադարը հանգեցնի հարցի կայուն և երկարաժամկետ կարգավորմանը։
Առանձին հեռախոսազրույցի ընթացքում Ֆիդանը խոսել է նաև Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Երկու պաշտոնյաները քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժամանակավոր հրադադարը տարածաշրջանային մակարդակով տևական խաղաղության վերածելու համար։





























