Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Անկարան ողջունում է նախորդ գիշեր հայտարարված հրադադարը՝ ընդգծելով, որ փետրվարի 28-ից սկսված ամերիկա-իսրայելա-իրանական պատերազմը տարածաշրջանը վերածել էր «կրակի գոտու»։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը տեղում լիարժեքորեն կպահպանվի՝ զերծ մնալով հնարավոր սադրանքների և դիվերսիաների համար որևէ հնարավորություն ստեղծելուց»,- թուրքական NSosyal սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը շնորհավորել է հրադադարին միտված գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես իր «ընկեր ու եղբայր» Պակիստանին։

«Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պատերազմներից, հակամարտություններից, լարվածությունից ու հալածանքներից մեծապես տուժած մեր տարածաշրջանում շուտով տիրեն խաղաղությունը, անդորրն և կայունությունը։ Թուրքիան կշարունակի հանդես գալ հանուն խաղաղության թե՛ իր տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում»,- հավելել է նա։