Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը խոստացել է չեղարկել հրադադարի վերաբերյալ իր պարտավորությունները, եթե Իսրայելը չդադարեցնի Հարավային Լիբանանի վրա սանձազերծված հարձակումները։

«Եթե Բեյրութի ժամանակով մինչև ժամը 14:00-ն սիոնիստները չդադարեցնեն հարձակումները և չհեռանան երկրի հարավից, մենք կչեղարկենք հրադադարի մասին մեր պարտավորությունը»,- մեջբերելով «Հեզբոլլահի» հայտարարությունը՝ գրում է Pars Today-ը։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանի հետ ձեռք բերված ժամանակավոր հրադադարի համաձայնությունը չի տարածվում Լիբանանի վրա, և շարունակել էր հարվածներ հասցնել լիբանանյան տարածքներին:

Լիբանանի բանակը կոչ է արել քաղաքացիներին խուսափել իսրայելական զորքերի կողմից օկուպացված շրջաններից:

Հիշեցնենք, որ «Հեզբոլլահն» Իսրայելի դեմ ռազմական գործողություններ է սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին։ Այդ հարձակումների հետևանքով փետրվարի 28-ին զոհվել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։