Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) հայտարարել են, որ «Հըզբոլլահի» զինյալները լքել են իրենց դիրքերը Բեյրութի հարավում գտնվող Դահիա թաղամասում, որը համարվում է շարժման պատվարը, և վերաբաշխվել են քաղաքի հյուսիսային մասում։ Դրա մասին չորեքշաբթի օրը հաղորդել է The Times of Israel-ը։

«Դահիայում ՑԱԽԱԼ-ի գործողություններից հետո «Հըզբոլլահը» հասկացավ, որ իր ստեղծած պատվարն այլևս անվտանգ չէ և, հետևաբար, սկսեց լքել այն»,- ասել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ Էլլա Վավեյան։

Վավեյան հավելել է, որ իսրայելական զինվորականները կշարունակեն հետապնդել «Հըզբոլլահի» անդամներին։

Իր հերթին, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ՑԱԽԱԼ-ն զանգվածային հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի հարյուրավոր զինյալներին»։

«Հըզբոլլահի» հազարավոր զինյալներ թիրախավորվել են Լիբանանի ամբողջ տարածքում գտնվող շտաբ-բնակարանների վրա անսպասելի հարվածների ժամանակ: «Դա «Հեզբոլլահի» կրած ամենամեծ զանգվածային հարձակումն է «փեյջեր» գործողությունից ի վեր»,- Կացի խոսքերն է մեջբերել The Times of Israel-ը։

Նա շարժման առաջնորդ Նաիմ Քասեմին սպառնացել է, որ «նրա հերթն էլ կգա»։