Թբիլիսիում փետրվարի 20-ին արտակարգ ճեպազրույցի ժամանակ  «Վրաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման» (ՎՔԴՇ) առաջնորդ Գեորգի Թարգամաձեն պահանջել է անհապաղ ազատ արձակել Վալերի Գելբախիանիին:

Հիշեցնենք, որ Գելբախիանին փետրվարի 20-ին ձերբակալվել էր վրացի իրավապահների կողմից հայ-վրացական սահմանը հատելու փորձ կատարելիս:

Ըստ Թարգամաձեի տեղեկության` նա ձերբակալվել է որդու` Իրակլի Գելբախիանիի հետ, նրանք Վրաստան էին ժամանել մոր հիվանդության հետ կապված, որը ծանր վիճակում գտնվում է Սաչխերի հիվանդանոցում:

Գեորգի Թարգամաձեն պահանջում է անհապաղ ազատ արձակել Վալերի Գելբախիանիին, քանի որ, ըստ քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդի, նա պատրաստ է համագործակցել հետաքննության հետ հանուն այն բանի, որ դատարանը վերջնական արդար որոշում կայացնի:  

Ինչպես հայտնի է, Վալերի Գելբախիանին մասնակցել է 2007 թվականին կատարված պետական հեղաշրջման փորձին, սակայն, ըստ Գեորգի Թարգամաձեի հայտարարության, նրան մեղադրանք չի ներկայացվել, իսկ հետախուզման մեջ է գտնվում հետաքննության հետ չհամագործակցելու համար: