Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ Տեղեկությունը հայտնել է Reuters-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը, ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 7-ին հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Ըստ նրա՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10 կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։

Դրանք ներառում են չհարձակման սկզբունքի պահպանում, Հորմուզի նեղուցի Իրանի կողմից վերահսկողություն, ուրանի հարստացում իրանական տարածքում, առաջնային և երկրորդային պատժամիջոցների վերացում, փոխհատուցման վճարումներ և ԱՄՆ ուժերի դուրսբերում տարածաշրջանից։

Թրամփը հայտարարել է, որ հրադադարի մասին որոշումն ընդունվել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի պատրաստակամության հիման վրա։ Պակիստանի վարչապետը, որը երկու կողմերի միջև միջնորդ է, նրանց հրավիրել է ապրիլի 10-ին անցկացվելիք բանակցությունների: Պակիստանի պետական ​​հեռուստատեսության տվյալներով՝ բանակցությունները, ենթադրաբար, կլինեն ուղղակի: