Իրանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Թեհրանը կրկին կփակի Հորմուզի նեղուցը՝ Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով, անընդունելի են. մասնավոր զրույցներում իրանական կողմը պնդում է բոլորովին այլ բան, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Դա բացարձակապես անընդունելի է։ Եվ կրկին, սա այն դեպքն է, երբ նրանց հրապարակային հայտարարությունները տարբերվում են անձնական հայտարարություններից»,- ասել է նա չորեքշաբթի՝ ճեպազրույցում։
Ըստ Լևիթի՝ «մենք այսօր տեսանք նեղուցում երթևեկության աճ»։ «Նախագահն ակնկալում և պահանջում է, որ Հորմուզի նեղուցը վերաբացվի անհապաղ, արագ և անվտանգ։ Սա նրա սպասումն է, և նրան մասնավոր ալիքներով ասել են, որ հենց դա է տեղի ունենում, և այս հրապարակային տեղեկությունները սուտ են»,- նշել է Լևիթը։
Բացի դրանից, նա ասել է, որ Լիբանանը չի մասնակցում ԱՄՆ-ի և Իրանի միջև նախօրեին համաձայնեցված ժամանակավոր հրադադարին։
Ավելի վաղ Farc-ը հայտնել էր, որ Իրանը դադարեցրել է նավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ ի պատասխան Լիբանանում Իսրայելի գործողությունների։ «Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակումների հետ միաժամանակ դադարեցվել է նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով»,- հայտարարել էր գործակալությունը։





























