Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 21-ին, ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին:

Նախագահի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ,  տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը եւ սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր  համարելով` նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարեւորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենի այցը մեր երկիր: Նախագահն ընդգծել է, որ նշված ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումների շրջանակում ընթացիկ տարվանից Հայաստանում սկսվելու են ենթակառուցվածքների ամբողջական վերափոխման, սարքավորումների վերազինման եւ անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ աշխատանքները: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ՖՐՈՆՏԵՔՍ-ի օժանդակությամբ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտին կհասցվեն:

ԵՄ արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրենը գոհունակությամբ է նշել, որ այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջեւ ստորագրվելու է գործառնական համագործակցության համաձայնագիր, որը փոխադարձաբար օգտակար կլինի եւ՛ Հայաստանի, եւ՛ գործակալության, եւ՛ ԵՄ երկրների համար: