Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի  ծրագրային հերթական հոդվածը, որը նվիրված է ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերին, արեւմտյան հարեւանների շրջանում, այդ թվում Թուրքիայում  իրարանցում է առաջացրել:

Եվրոպական եւ թուրքական լրատվամիջոցները ողողված են Պուտինի`Ռուսաստանի ռազմական պոտենցիալը մեծացնելու ցանկության վերաբերյալ մեկնաբանություններով: Նրանք վախենում են, որ առավել ռազմական արտաքին քաղաքական հռետորաբանությանը, այլ ոչ թե հավասարակշռված դիվանագիտությանը հավատարիմ Պուտինի Կրեմլ վերադառնալուց հետո հարկ է սպասել հակամարտության սրման,   հետո նաեւ պատերազմի:

«Լինել ուժեղ. Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխիքները» հոդվածում, որը լույս է տեսել փետրվարի 20-ին «Ռոսիյսկայա գազետա» թերթում, 23 տրիլիոն ռուբլու գումար է նշված. այն նախագահի թեկնածուն իշխանության գալու դեպքում մտադիր է 10 տարում ծախսել բանակի վրա:

Միեւնույն ժամանակ Պուտինը նշում է, որ այսքան նշանակալի ծախսերը կապված չեն բյուջեի ռազմականացման հետ, այլ երկրի պաշտպանական պոտենցիալը  մեծացնելու, ժամանակակից բանակ ստեղծելու եւ պաշտպանա-արդյունաբերական համալիրի արդիականացման նպատակ ունեն: «Մենք չենք կարող ամրապնդել մեր միջազգային դիրքերը, զարգացնել տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները, եթե ի վիճակի չլինենք պաշտպանել Ռուսաստանը: Եթե չհաշվարկենք հավանական հակամարտությունների ռիսկերը, չենք ապահովի ռազմատեխնիկական անկախությունը եւ այս կամ այն մարտահրավերի դեպքում համարժեք, արժանապատիվ պատասխան չենք ունենա», -  ասել է Վլադիմիր Պուտինը:

Պուտինը պնդում է, որ մոտակա տարիների գլխավոր առաջադրանքը ժամանակակից ոճի բանակ ստեղծելն է, որը մշտապես մարտական բարձր պատրաստականությա վիճակում կգտնվի:

Ժամանակակից բանակում հիմնական շեշտը դրվելու է պայմանագրային ծառայողների վրա, որոնց թիվը մոտակա տարիներին զգալիորեն կմեծանա:

Այդուհանդերձ, զորակոչից ընդհանրապես չեն հրաժարվի, թեեւ 2017 թվականին, մեկ մլն թվաքանակով Զինված ուժերում զորակոչված ծառայողների թիվը կլինի 300 հազար:

Մեկնաբանելով հոդվածը, ֆրանսիական Le Nouvel Observateur պարբերականը գրում է, որ Պուտինը վերադառնում է «շրջափակված ամրոցի տրամաբանությանը եւ երկրում աննախադեպ սպառազինություն սկսում»: Պարբերականը արձանագրում է, որ Արեւմուտքի հետ դիմակայության գաղափարը Ռուսաստանում իշխող է: «Գոյություն ունի դավադրության գաղափար Մերձավոր Արեւելքում, առաջին հերթին Իրանում, տեղի ունեցող իրադարձություններում: Ռուսաստանի բնակչության մի մասը, ինչպես նաեւ այդ երկրի ԱԳՆ-ն կարծում են, որ աշխարհում տեղի ունեցողը ԱՄՆ պետքարտուղարության եւ իսրայելական մանեւրների դավադրության հետեւանք է: Պուտինը հասկացել է դա եւ հակաամերիկյան ալիք է ստեղծել»,-գրել է պարբերականը: