ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի դեր խաղալ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության մեջ, եթե կարողանա դա անել, հինգշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է Reuters-ը։
«Եթե ՆԱՏՕ-ն կարող է օգնել, ապա ակնհայտորեն չօգնելու որևէ պատճառ չկա»,- Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ռյուտեն։
Ավելի վաղ Ռյուտեն մի քանի մայրաքաղաքների տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է առաջիկա մի քանի օրերի ընթացքում կոնկրետ պարտավորություններ ստանձնել Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու համար, հինգշաբթի Reuters-ին հայտնել են երկու եվրոպացի դիվանագետներ։
Ռյուտեն չորեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել է Թրամփի հետ՝ Իրանի պատերազմի շուրջ դաշինքի ներսում լարվածության ֆոնին։
Մեծ Բրիտանիան գլխավորում է մոտ 40 երկրներից բաղկացած խումբը, որը ձգտում է մշակել Հորմուզի նեղուցը վերաբացման և անվտանգության ապահովման ռազմական և դիվանագիտական ծրագիր, սակայն չկան նշաններ, որ դա մոտ ապագայում որևէ առաջընթացի կհանգեցնի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի հայտարարել է, որ մոտ 15 երկիր մտադիր է նպաստել նեղուցով նավագնացության վերսկսմանը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հինգշաբթի հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը չի կարող լիովին վերաբացվել մինչև ԱՄՆ-ի և Իրանի միջև երկարատև համաձայնագրի կնքումը, մինչդեռ Իտալիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի դիրքորոշումը, որ այն կարող է վճար գանձել նեղուցով տարանցման համար, անընդունելի է:





























