Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ մեկնաբանել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ այդ ջրային ճանապարհով անվտանգ անցումը հնարավոր կլինի ըստ հրահանգների, Իրանի զինված ուժերի հետ համակարգված և սահմանված երթուղիներով՝ պահպանելով առկա տեխնիկական միջոցառումները, եթե ամերիկյան կողմը կատարի իր պարտավորությունները: Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Արաղչին, հղում անելով հրադադարի ընդունման հարցում Իրանի պատասխանատու մոտեցմանը, ընդգծել է ԱՄՆ պատասխանատվությունը բոլոր տարածաշրջաններում, ներառյալ՝ Լիբանանում, ռազմական գործողությունները դադարեցնելու իր պարտավորությունը կատարելու համար, նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա միաժամանակ երախտագիտություն է հայտնել «Ռուսաստանի պատասխանատու որոշման համար՝ ձեռնպահ մնալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի անտրամաբանական և միակողմանի բանաձևին աջակցելուց՝ հայտարարելով, որ այդ քայլը նպաստել է լարվածության սրմանը»:
Ռուսաստանի արտգործնախարարը, իր հերթին, ողջունել է Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դադարեցումը՝ ընդգծելով իր աջակցությունը պատերազմը դադարեցնելու և տարածաշրջանում կայունությունն ու կայուն անվտանգությունը վերականգնելու ջանքերին։
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաև Իրանի և Ռուսաստանի համատեղ համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, որի նպատակն է դատապարտել պատմական և կրոնական վայրերի, դրանց թվում՝ Թեհրանի Սուրբ Նիկողայոսի ուղղափառ եկեղեցու վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումները։





























